Arteria Journal

հիտլերը եւ սերը. գտածո Վոյցեկ մյուզիքլի առիթով
“Շատ ենթատեքստեր ունենք, բայց փորձում ենք ուղղակիորեն հասցնել հանդիսատեսին: Այս ներկայացումը շատ պարզ է: Անգամ երեխան նայելիս ազդվում է”,- ասում է Վոյցեկմյուզիքլի ռեժիսոր Արթուր Մակարյանը:

Այս տարվա մայիսին Համազգային թատրոնում տեղի էր ունեցել Վոյցեկ մյուզիքլի ներկայացումը հանդիսատեսի նեղ շրջանակում: Դեռեւս անցած տարվանից էր երիտասարդ ու խանդավառ թատերական գործիչների մի մեծ խումբ աշխատում նախագծի վրա: Թվում էր` պատահելու է այն, ինչ լինում է նման դեպքերում. երիտասարդ խումբը պատրաստվում է, մի քանի անգամ ներկայանում հանդիսատեսին եւ… վերջ: Բայց Վոյցեկի ստեղծագործական թիմը, թվում է, իսկապես խանդավառված է. այս ընթացքում էլ նրանք շարունակել են աշխատել եւ նոյեմբերի 15-ից նորից ներկայանալու են հանդիսատեսին` նոր շեշտադրումներով ու հստակեցված ասելիքով:

Այս առիթով զրուցեցի բեմադրության ռեժիսոր Արթուր Մակարյանի եւ թիմի մի քանի անդամների հետ:

«…Մենք արդեն գտել ենք»
Արթուր Մակարյան, մյուզիքլի ռեժիսոր

Այս գործին պատահաբար ծանոթացա, երբ Ֆրանսիայում էի: Ունեի ընկերներ, ովքեր լավ գիտեին գործի հեղինակ Գեորգ Բյուխներին: Շատերն օգտվում էին Բյուխների գործերից: Մի օր ես էլ որոշեցի օգտագործել Բյուխների գործերից հատված եւ հասկացա, որ ինձ բավականին հետաքրքրում է Վոյցեկում արծարծված թեման: Իսկ այս մյուզիքլի մասին որոշում կայացրեցի Փարիզի կոնսերվատորիայում` ապագա գլխավոր դերակատարուհու` Շողեր Գրիգորյանի հետ: Հենց նրա հետ սկսեցինք մտածել թարգմանության մասին:

Հայտնի է, որ բնագիրն անավարտ է: Ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, անգլերեն շատ տարբերակների ծանոթացանք: Գործի տարբեր հրատարակություններում մասերը տարբեր կերպ են տեղակայված: Ի վերջո, ստիպված եղանք ինքներս որոշել, թե որ մասը որտեղ, ինչ կերպ պետք է լինի մեր տարբերակում: Ստեղծեցինք մեր դասավորությունը, ստեղծեցինք հայերեն տարբերակը:

Կա գործի հայտնի կինոտարբերակը, որ համարվում է գլուխգործոց: Բայց ես մինչեւ հիմա ֆիլմը չեմ նայել սկզբից մինչեւ վերջ: Միտումնավոր:
Ես ուզում էի բեմ հանել այն, ինչ կա իմ աշխարհում: Ես ազդվել էի բուն պիեսից: Ինձ համար հետաքրքիր էր արդեն այն, թե ես դա ինչպես կարող եմ բեմ հանել: Անգամ Բրոդվեյում ներկայացված մյուզիքլը չեմ նայել:

Մեր տարբերակի ասելիքը չարությունից ելնելով ջերմությունը չվերացնելու մասին է:Այդքան բան:

Շատ չենք փիլիսոփայում բեմի վրա: Շատ ենթատեքստեր ունենք, բայց փորձում ենք ուղղակիորեն հասցնել հանդիսատեսին: Այս ներկայացումը շատ պարզ է: Անգամ երեխան նայելիս ազդվում է: Առաջին ներկայացման ժամանակ շատ երեխաներ են եղել, որ դուրս գալով ասել են` էն քեռին չար էր, ես իրեն չսիրեցի, վա~յ, էն մեկը լավն էր… Կարծում եմ`այն աստիճան մաքրություն ու պարզություն կա ներկայացման մեջ, որ մարդիկ հեքիաթի զգացողություն են ունենում` չարի ու բարու պայքարի առումով:

Բայց չարն ու բարին այնքան միաձուլված են, որ ոչ մի տեղ չես կարողանում հասկանալ` չարի հետ գործ ունես, թե բարու:

Երբ մյուզիքլի երաժշտությունն էի օգտագործում, անգամ չգիտեի, թե որ երգը որտեղ է դրված: Ես պիեսը կարդացել ու ինքս եմ որոշել` դերասանների հետ: Օրինակ, բժշկի դերակատար Նարեկ Բաղդասարյանի հետ խաղացվում է, եւ հասկանում ենք, որ այ էստեղ պետք է գնա երգը, քանի որ հենց էստեղ է, որ ծնվում է երգը եւ ոչ թե մեկ ուրիշ տեղ:

Աշխատանքային 1-ին փուլը մեզ համար խմորման փուլ էր, երբ, այսպես ասեմ, նախապրեմիերայի էինք պատրաստվում. բոլորս որոնման մեջ էինք: Դա երեւի նրանից է, որ ես` իմ տեսակով, իմ կողքին հավաքված դերասաններն էլ, հանգիստ չենք. տեսակի խնդիր է: Եւ մենք իրար լրացնում ենք:

2-րդ փուլում ամեն ինչ փոխվեց. մենք արդեն գտել ենք:

Բուն ներկայացման մեջ շատ-շատ բաներ են փոխվել: Գլխավոր հերոսի գիծն է փոխվել: Փորձել ենք ինտրիգներն ավելի սրել:

Ներկայացումն ընդհանրապես կապ չունի Համազգային թատրոնի հետ` ո՛չ դերասանական խաղի, ո՛չ մտածողության. այս դեպքում լրիվ այլ աշխատանք է կատարվել:

Մարդիկ ասում են, թե Հայաստանում աշխատում են Ստանիսլավսկու սիստեմով, բայց հասկանում եմ, որ մարդիկ փտած մնացորդներով են բավարարվում, այնինչ, այսօր աշխարհում կան շատ սիստեմներ: Ֆրանսիայում մեկ տարի սովորելով ես հասցրեցի ծանոթանալ մոտ տասը մեթոդների, որոնցով փորձում եմ աշխատել իմ դերասանների հետ, որոնցից ոմանք եւս ծանոթ են դրանց, ինչպես` Շողեր Գրիգորյանը: Նա սովորել է Ֆրանսիայի ազգային կոնսերվատորիայում, որը համարվում է աշխարհի տասը լավագույն թատերական դարբնոցներից մեկը:

Շողերը մարդ է, ով հեռացել է հայկական իրականության ճարպակալած դերասանի կերպարից:
Ասում են` արվեստագետները իրենց թափը վերցնում են իրենց հասարակությանը համապատասխան: Բայց մեր բեմադրության մեջ զբաղված դերասանները այդ թափը մեր հասարակությունից չեն վերցնում: Նրանց համար ուրիշ նշաձող գոյություն ունի:

Հայաստանում իմ տեսած միակ մյուզիքլը 3 գրոշանոց օպերան է եղել: Այստեղ երբ ասվում է «մյուզիքլ», մարդիկ հասկանում են մակերեսայնություն, թեթեւսոլիկություն. “Դուրս ենք գալիս, ֆեյրվերկ ենք անում” եւ վերջ: Մեր մյուզիքլը լրիվ այլ բան է:

“…Ես այստեղ չեմ կարող այլեւս խոսել, ես պիտի երգեմ”: Ես այնքան խորքից եմ գալիս, որ պիտի երգեմ: Ես էն աստիճանի եմ հասել, որ պիտի պարեմ, ես այլեւս երգել էլ չեմ կարող, մարմնի լեզվով պիտի խոսեմ: Մյուզիքլը հնարավորություն է խոսքդ տեղ հասցնել մի ձեւով, երբ ուրիշ ձեւով դա անել չես կարող:

Հիմնական կազմակերպչական հարցերն իմ վրա են, բայց ես դժգոհ չեմ, որովհետեւ մի օր մի կետից պետք է սկսենք:

Լոս Անջելոսի մեր հայ ընկերները` Armenian Space Station խումբը, որը հեղինակել է մյուզիքլի ավարտի երաժշտությունը եւ թրեիլերի երաժշտությունը, բեմադրությունը տեսնելուց հետո առաջարկել է հաջորդ ներկայացման երաժշտությունը գրել ամբողջությամբ… ամբողջությամբ անվճար:

 “Բոլորս ուզում ենք լավ բան տալ, մասնավորապես` սեր”
Շողեր Գրիգորյան, գլխավոր դերակատարուհի

Իմ հերոսուհին հերոսի համար ամենա-ամենաուժեղ մղիչ ուժն է, որը, առաջին հայացքից, գուցե առանձնապես ոչինչ չի անում, բայց շատ մարդկանց դրդում է տարբեր գործողությունների, այդ քաղաքում իրարանցում է առաջացնում:

Գուցե անհամեստ հնչի, բայց ուզում եմ ասել, որ Վոյցեկ մյուզիքլը ինչ-որ առումով երեւույթ է մեր թատերական աշխարհում. հավաքվել են 30 ողջախոհ էնտուզիաստ երիտասարդներ եւ ուզում են իրենց խոսքն ասել` հրաշալի երաժշտության, գեղեցիկ պարերի եւ իհարկե` Բյուխների գլուխգործոցի միջոցով: Մինչեւ այժմ Բյուխներն առանձնապես հայտնի չի եղել Հայաստանում: Ֆրանսիայում Վոյցեկը, օրինակ, սիրված գործ է:

Այսինքն` սա ապրող ներկայացում է, թեպետ գրվել է 19-րդ դարում: 19-րդ դարի պիեսը մի քիչ դժվար է բերել-հասցնել մեր ժամանակներ, չնայած, Արթուրը շեշտը դրեց այն բանի վրա, որ այսօրվա հնչեղություն ունենա:

Այս ներկայացման մեջ ասեք կուլիսային կյանք չլինի: Մի գաղտնիք բացեմ. Արթուրը սկզբում ուզում էր այնպես անել, որ կուլիսներ չլինեին, ու բոլորս անընդհատ բեմում լինեինք` հետին պլանի տարբերակով: Բայց քանի որ անընդհատ մեզ վրա տեխնիկա ենք կրում, ու տեխնիկան էլ իր պահանջներն ունի, մենք դասական կուլիսն ընդունեցինք:

Հանդիսատեսը վարակվել է սրան նախորդած երկու ներկայացումների ընթացքում…
…Եւ հիմա ես աղոթում եմ, որ էլի մեր ասելիքը տեղ հասնի, որովհետեւ իսկապես մեծ աշխատանք է տարվել` հատկապես ռեժիսորի կողմից. նա ամեն ինչ ներդրել է, բոլորիս վարակել է իր էնտուզիազմով, ու բոլորս ուզել ենք լավ բան տալ, մասնավորապես` սեր:

Ճիշտ է, լուծումներն այնքան հակասական են, շատ պարադոքսներ կան, ինչը հենց Բյուխներից է գալիս, ի վերջո:

Այնպես չէ, որ ժամանակակից հանդիսատեսը վազում է միայն զվարճանքի հետեւից:Տարբեր հանդիսատես կա, ու եթե լուրջ բան ես տալիս, նա էլ է լրջանում:

Հուսանք, որ եթե ոչ մենք, գոնե Թոմ Ուեյթսը (2000թ. գործը բեմադրել է Կոպենհագենում, դրա մոտիվներով թողարկել իր Blood Money ալբոմը – Դ.Պ.Վ. ) կբռնի ու բաց չի թողնի հանդիսատեսին մինչեւ ներկայացման ավարտը: Այն, ինչ հնչելու է այստեղից, հետաքրքիր է ու գեղեցիկ:

 “Իրար ականջի ասում էինք` Հիտլեր”
Նարեկ Բաղդասարյան, ներկայացման մեջ մարմնավորում է բժշկին

Բժշկի կերպարը հետաքրքիր է նրանով, որ շատ բազմագույն է: Մի մարդ է, ով օգտվելով գլխավոր հերոսի` Վոյցեկի նվաստ վիճակից, շահագործում է նրան. այսպիսի երեւույթի կարող ենք հանդիպել նաեւ այսօր: Այս կերպարը ներկայացնում է այն վերեւի շերտը, որը ճնշում է վարում գտնվող շերտին` կոպիտ ասած` օլիգարխների պես:

Հ. Գ. – Երբ այս կերպարը փորձում էինք, չգիտես ինչու ես գնում, Արթուրի ականջին էի ասում` Հիտլեր, նա` իմ: