Aysor newspaper on Hamlet Machine solo performance

27/07/2017 13:10

Հիմա լինելու ժամանակն է. Կայացավ «ՀԱՄԼԵՏMACHINE» մոնոներկայացման պրեմիերան

Երեկ՝ հուլիսի 26-ին, ՀԲԸՄ դահլիճում տեղի ունեցավ Արթուր Մակարյանի բեմադրած Վ. Շեքսպիրի «Համլետ» ողբերգության և Հ. Մյուլլերի «ՀամլետMachine» աբստրակտ պիեսի մոտիվներով «ՀԱՄԼԵՏ MACHINE» մոնոներկայացումը:

Ներկայացման միակ կերպարը հենց ինքը՝ Համլետն էր, ով, կարծես թե, արդեն գործել էլ Շեքսպիրի պիեսում բոլոր արարքները, իսկ հիմա ի մի էր բերում և վերլուծում անցածը: Ներկայացումը առավել քան հասարակ էր, շքեղ դեկորացիաները բացակայում էին, միայն Համլետն էր՝ ետնաբեմում լսվող և պարբերաբար անցյալը հիշեցնող հարցադրումներով:

Համլետի կերպարը, կերտելով Օֆելիայի, հոր ստվերի, հորեղբոր և մոր կերպարները, զրույցի է բռնկվում նրանց հետ, վերլուծում կատարվածը:

Կոլումբիայի համալսարանի թատերական ռեժիսուրայի բաժնի շրջանավարտ, Նյու Յորքի Ջուլիարդ կոնսերվատորիայի oպերային բեմադրությունների ռեժիսոր, «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու Արթուր Մակարյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ խնդիր ուներ այս ստատիկ պիեսը դարձնել ավելի ճկուն, կենդանի և ցույց տալ կերտելու և կերպարանափոխվելու հնարավորությունները:

«Ինչու՞ հենց Համլետ: Նա ներկայացնում է մարդկային արժեքները. փորձել ենք այս ներկայացումը կառուցել սիրո վրա:  Մարդ, որ հույս ունի՝ մարդիկ ետ են գալու մարդկության: Վերջին տեսարանում, եթե տեսաք, մի քանի անգամ կրկնում է՝ «հայրդ ու՞ր է», այսինքն՝ ինքը հույս ունի, որ մինչև սպանելն էլ մարդիկ կզղջան իրենց արածի համար ու կասեն ճշմարտությունը», – նշեց նա:

Նրա խոսքով՝ պրոեկտն արվել է 2.5 շաբաթում, բացի այդ, նախատեսվում է տվյալ մոնոներկայացումը ցուցադրել Վանաձորում և Գյումրիում:

Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանն էլ իր հերթին ասաց, որ նպատակ չեն ունեցել ուղղակի բեմադրել բոլորին ծանոթ Համլետը, քանի որ բոլորն էլ շատ լավ ծանոթ են սյուժեին, այլ համադրել են երկու տարբեր հեղինակի՝ Շեքսպիրի դասական և Մյուլլերի Անտի Համլետի հակասական կերպարները:

Հարցին՝ վերջիվերջո «Լինե՞լ, թե՞ չլինել» հարցին, որպես Համլետի կերպարը կերտած դերասան, ո՞ր տարբերակը կնախընտրեր, դերասանը պատասխանեց.

«Լինե՛լ: Միշտ պետք է լինել, հատկապես՝ 21 դարում: Հիմա լինելու ժամանակն է, հիմա մինչև այդ մասին մտածես, մեկը կգա վազելով քեզ կանցնի: Հիմա այդքան մտածել չի կարելի, ավելի շատ գործելու ժամանակն է»:

Պրեմիերային ներկա էին ՀՀ-ում դեսպաններ, հայտնի կինոդերասաններ և այլք:

https://www.aysor.am/am/news/2017/07/27/Համլետ-մոնոներկայացում/1293353